Ալեքսանդր Պուշկին
* * *
Կերտեցի ինձ համար հուշարձան ոգեկուռ,
Կայցելեն, չե՛ն թողնի կածանիս խոտ բուսնի.
Բա՜րձր է այն առավել գագաթով աննկուն`
Ալեքսանդր ցարի հուշասնից:
Չի՛ մեռնի ողջն իմ մեջ. հոգուս իղձ քնարով
Քայքայվող աճյունիս կհաղթեմ առհավետ,
Եվ փառքի կհասնեմ, քանի լույս աշխարհով
Քայլում է թեկուզ և մի պոետ:
Համբավս կշրջի մեծ հողում Ռուսիայի,
Եվ անունն իմ կտան լեզուներն ամենի`
Սլավոնից սերվածի, ֆիննի ու կալմիկի,
Տունգուսի` դեռևս վայրենի:
Դեռ երկա՜ր կմնա հմայքս սրտերում,
Զի քնարն իմ բարի հույզեր է սերմանել,
Ներբողել Ազատ տենչ դժնդակ այս դարում,
Եվ հայցել ընկածին վեր հանել:
Ո՜վ, Մուսա՛, դու Աստծո Կամքի՛ն լոկ միշտ անսա`
Ո՛չ վանիր հալածանք, ո՛չ փառքի դու ձգտիր,
Անվրդով ընդունիր զրպարտանք, գովասանք,
Հիմարի հետ իզուր խելք մի՛ դիր: