Վալերի Բրյուսով

«Դժոխքից զատվածները» շարքից

Կայծակ

Ահա և կրկին ճեղքեց իմ հոգին
Զորեղ կայծակի հարվածը հատու,
Եվ ես կույր` տրված ոսկի մրրիկին,
Լինելիության անդունդն եմ հատում:

Մոխիրների մեջ հին հրդեհների,
Ծխի մեջ վերջին կրակի բոցի,
Հաղթական խինդով, ընկերավարի,
Լեմուրները ինձ դիմավորեցին:

«Դու մե՜րն ես,- ասին վայրի քնքշությամբ,-
Մերն ես ու հավերժ անդունդում եղիր,
Ազատ քո ոգին տուր ըմբոստության,
Անդարձ մոռացիր երկնուղեշ ուղին»:

Եվ այրող ցավից ուրախ եմ ահա,
Հաճելի է ինձ տրվել խարույկիս,
Եվ երկինքը սև ու թանձր սավան
Փռեց կիսակույր ու մութ հայացքիս:

Թևերի տեսիլք

Երախին անդունդի
Կախարդված հայացքով
Կռացանք ես ու դու,
- Մոտի՜կ, էլի՜ մոտիկ…
Խավարի դյութանքով
Դողում ենք անօգուտ:

Շեղելով հայացքներ
Անեծք ես շշնջում,
Որ լինենք ուղեմերձ`
Գիտե՜ս, օ, Դու գիտե՜ս,
Որ էլի՛ ամրակուռ
Իրարու կգրկենք,

Որ ջանքերդ բոլոր`
Զատելու իրարից
Եվ ձեռքեր, և աչքեր,
Կծնեն տեսիլք մի նոր`
Թևերի՜, թևերի՜
Տեսլական հրաշեկ:

Անհայտ է և ահեղ…
Կա Մեկը Թևավոր
Ճառագված կրակով:
- Նրա հե՜տ, օ, նրա հե՜տ…
Ճախրանքի հույսերով
Սուրում ենք երկուսով:

ՙ«Մեր ժամանակը» շարքից

Փողոցային հանրահավաք

Նախագահողն ո՞վ է, առաջնորդողը` ո՞վ.
Արդյոք դու՞ չես սրով, ո՜վ Գոռ Ոգի,
Սև չղջիկի հսկա քո թևերով,
Աստվածության հարող դիմակ հագիդ:

Արդյոք դու՞ չես հուշում հավաքն ու կոչերը,
Ցասումնալից կրքեր ու թշնամանք,
Խանդավառված նշում հանցանշանները,
Եվ նոր քո զոհերից կազմում բանակ:

Դու՞ չես, որ կնայես վերջում կատաղաբար
Աչքերի մեջ թշվառ քո զոհերի,
Եվ չե՞ս խցկի նրանց ձեռքը լկտիաբար
Ջահերը ճարճատող հավերժական հրի:

Եվ կվառվեն հրով վերջնալույսում կարմիր
Ամպեր, թառած երկնում հավերժական,
Եվ կարձակի շողեր մառախուղից անդին
Դեռ ներկայով չանցած դարն ապագա:

Իսկ դու քո բոցերում ու թանձրաբարդ ծխում
Կցուցանես պարդ սարսափազդու,
Ինչպես հիմա անտես իշխում ես ամբոխում,
Որ ծփալով դիրքն է իր հաստատում:

Այո, կանցնե՛ս դու քո ահասարսուռ պատժով,
Սակայն վրա հասած այս խավարից,
Մոխիրների միջից այս հրդեհի աճող
Կհառնեցնես նորը, բայց ո՛չ քեզնից:

Գոհունակներին

Ամո՜թ է ինձ համար շնորհավորանքը ձեր,
Սարսափում եմ ես ձեր գոռ խոսքերից անդեմ…
Բավակա՛ն է այսպես ստորացված լինել
Նոր դարերի, եկող ապագայի հանդեպ:

Գոհունա՜կ եք, ունեք նախիրային հրճվանք`
Ամեն մեկդ գոհ եք գտած խոտի համով
Եվ այլևս չունեք կուշտ լինելու տենչանք,
Քանզի ունեք արդեն երանելի ծամոն:

Հիասքա՜նչ է հզոր իշխանությամբ ճնշող
Ասսարհադոն արքան արևելյան կողմի,
Ժողովրդի կիրքը` օվկիանային ուժով,
Որ անկայուն գահի հետքերն իսկ չի թողնի:

Կիսամիջո՜ցն է, որ ատելի է միշտ ինձ.
Ոչ թե ծովը, այլ սոսկ ջրատարը փակված,
Ոչ թե շանթը, այլ սոսկ կեսօրվա տապն անիղձ,
Տոնավաճառն` հանուր դահլիճի մեջ խցկած:

Օ՜, մանուկներ, գալիք օրով հրավառված,
Ընդվզումով խուժե՛ք, փորձեք հողմով ջնջել
Գոհունակին` իր գաղջ մանր հոգսով տարված,
Եվ խորտակե՛ք կյանքն այս ու դրա հետ` ինձ էլ:

Երջանիկներին

Ժամկետը կլրվի. կվառվի նոր դարը,
Որ փայլում է շողով դարերի սլացքում,
Երկնի հայացքի դեմ, իր մայր երկրի վրա
Ազատամիտ մարդը կհառնի ամրակուռ:

Հողագունդը կծածկի Միասնական Քաղաք,
Որպես լուսե մի գունդ` ապակեզարդ փայլով,
Որ հավերժում տեսնի միայն գարնան գգվանք,
Որ տերևը աշնան չխամրի իր գույնով:

Որ էլ չկրկնվեն լուսաբաց ու գիշեր,
Լինի անաղարտ լույս` անստվեր ու անամպ,
Չհամարենք մեզ տեր ես, դու կամ ուրիշներ,
Այլ երկիր` նվիրված սերունդների ձեռամբ:

Իշխող տարերքները, քուրմերը բնության,
Սիրեցյալները և վերջնեկները նրա
Կլրեն հետայսու ցնծուն հանդիսությամբ`
Որպես խնջույք հավերժ, տարիները ուրախ:

Տենչը ազատության, եղբայրությունն անհաս,
Հավասար լինելը, որոնց չունենք հավատ,
Որոնց հասնելուն մենք շատ եղանք տանջահար,
Եկողների համար կտրվեն գերառատ:

Աղբյուրը սրբազան, գաղտնիքներից զրկված,
Կհագեցնի նրանց ծարավն իմացության,
Պատկերը Գեղեցկի կատարյալ մարմնացած`
Կլիացնի նրանց ցանկություններն անանց:

Իսկ մենք, որ փնտրում ենք, հավատում ու շնչում,
Կլինենք ընդամենը հումուսային մի շերտ,
Եվ հիմնը իմ, որ լոկ անցյալում է հնչում,
Գիտե՛մ. անհիշատակ ես կտանեմ ինձ հետ:

Մենք կդառնանք հեքիաթ, երազ ու զառանցանք,
Որ այցի է գալիս կոշմարային քնում:
Նրանք կգան, ինչպես մենք աշխարհով անցանք,
Բայց հունձքը նրանցն է, մենք դատարկ ենք գնում:

Ի՞նչ կա որ: Հա՜շտ եմ ես… Տա՜ր ինձ, Ճակատագի՛ր,
Սեգ վայելքը եկող սերունդին է տրված…
Եվ, կա ուղի, թե ոչ դագաղներից անդին,
Մե՜կ է. եղա՛ և կա՛մ` հավերժից հրաժարված…

ՙ

«ԲՈԼՈՐ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ» ժողովածուից (1906-1909)

Պոետին

Դու պիտի լինես դրոշի պես վեհ.
Դու պիտի լինես սուր, ինչպես թուրը.
Դանթեի նման պետք է վար սուզվես,
Որ քո այտերը խորովի հուրը:

Սառնարյուն վկա եղիր ամենուր,
Հայացքով տնտղիր դու ամենայն բան,
Եվ թող լինի քեզ բարեմասնություն`
Անահ բռնելու խարույկի ճամփան:

Գուցե ողջը սոսկ առիթ է կյանքում
Պայծառ-երգեցիկ բանաստեղծության,
Ուստի դեռ անհոգ մանուկ հասակում`
Ուշք դիր բառերի նոր համակցության:

Գգվանքիդ պահին սիրահարության
Անկիրք լինելուն վարժեցրու քեզ,
Որ երբ քեզ տանջեն և խաչելությամբ,
Արժանապատիվ ցավերդ զսպես:

Վաղորդյան քնում, անհունում մթի
Ճակատագրի շշունջը որսա
Եվ հիշի՛ր. հնուց ամեն պոետի
Բաղձալի զարդն է` փշե մի պսակ:

Բարեշնորհ լռության հրեշտակ

Բարեշնորհ լռության հրեշտակ,
Տիրաբար փակիր իմ շուրթերը,
Երբ սիրտս խայտում է կրծքիս տակ`
Տանելով տանջալից խութերը:

Բարեշնորհ լռության հրեշտակ,
Օգնիր ինձ լինելու կենսախինդ,
Երբ իմ չար ոսոխի ցնծության
Ճիչերը հասնում են երկնքին:

Բարեշնորհ լռության հրեշտակ,
Վեհության շունչ սրտիս դու հղիր,
Երբ բոցերը կրքոտ ցանկության
Վերածվում են այրող շիթերի:

Բարեշնորհ լռության հրեշտակ,
Տուր փակման հրաման շուրթերիս,
Երբ հավերժ հմայքով անխորտակ
Երկիրն է ինձ քաշում սիրելի:

Բարեշնորհ լռության հրեշտակ,
Հնազանդ պահիր քեզ իմ հոգուն,
Երբ լույսի դանդաղկոտ առկայծմամբ
Ցանկալի այգաբացն է ծագում:

Գիտակցման խորքերում խաղաղված
Շողում են կրակներ սրբագին…
Բարեշնորհ լռության հրեշտակ,
Բառերից փրկի՛ր դու իմ հոգին…
ՙ

«Noli me tangere, Maria»

Թախծալի էր անցել շաբաթ օրը,
Լուսաբացն է արդեն հաջորդ օրվա,
Անսփոփ ու անհույս են բոլորը,
Անվստահ են դարձել ու անհավատ:

Նա ասում էր. «Կգամ արշալույսի ցոլքով,
Իմ գալուստով սկիզբ կտամ դատին…»՚
Եվ պառկած է ահա տապանակում,
Պահակներն են հսկում իր դիակին:

Սակայն կանանց հոգուց աղբյուրի պես

Չի դադարում հորդալ սերը մաքուր.
ՙ«Նա կամ ինքն է խաբել, կամ խաբվել է,
Բայց արյունն է հոսել տառապանքում»:

Գերեզման են տանում օծման յուղեր,

Սակայն դագաղը իր… դատարկ ահա.

Եվ անհապաղ լուրն է առնում թևեր,
Որ չար ոսոխները Իր դին տարան:

Հետո, որպես վշտին մխիթարանք,
Մարիամին Հիսուսն է մոտենում
Եվ թվում է իրեն այգու պահակ,

Որին դիմում է նա. «Տարել ես դու՞…»

Եվ լսելով խոսքն այդ անդառնալի`
Անհաղթ փորձությանը իբրև վկա,
Հիսուս ելք էգ տնում մի դառնաղի`

ՙ«Մի՛ դիպչիր ինձ, Մարիա՛մ»,- ասում է Նա:


Գովք Մարդուն

Ջահել նավաստի ես տիեզերքում.
Փայտահատ ես մի հնադարյան.
Հավերժ չփոփոխվող և աննկուն,
Ո՜վ Մարդ, եղիր դու փառաբանյալ:

Անցնում ես` կրելով ձեռքիդ կացին,
Անել ուղիներով դար ու դարեր,
Մերթ ձկնորս ես խաղաղ, մերթ նետաձիգ,

Հաղթանակն ես քո միշտ սիրում տոնել:

Ե՛վ քարը, և՛ քամին, և՛ ջուրը, և՛ բոցը
Սանձահարել ես դու ահեղ սանձով,
Խոյացրել ես վեր ցնծության դրոշդ
Գմբեթի տակ` կապույտ երկնի ներքո:

Հավերժ իշխող ես դու, հավերժ ջահել
Թե՛ Սառցակալված, թե՛ Մութ երկրում,
Գալիք մուրճդ էլ է երգող դառել,

Ցոլքեր ես սփռում քաղաքներում:

Անապատներով, անդունդներով
Քո ուղիներն ես ահա տարել,
Ու երկաթյա ներվով ու ջղերով
Երկիրն ես ահա դու պարուրել:

Վաղնջական ազատ օվկիաններում
Ուր կետերն էին միայն խայտում,
Կետորսական պողպատ քո նավերով
Ծայրեծայր դու ես խարիսխ նետում:

Երկնային վիշապին, անհագ այրող

Ճյուղերը հսկա կաղնիների,
Սանձել ես ահա շանթարգելով,

Ո՜վ գազանո՛րսդ անընկճելի:


Թրթռում է ահա փխրուն գնդում,

Խեղճ-խեղճ կեռ է տվել ապակու մեջ,
Միայն քեզ է հիմա հնազանդվում,
Իր ոսոխի՜ն է լույս տալիս անվերջ:

Թագավորում ես անհագ, համառ

Լույս աշխարհի տարբեր չորս ծագերում

Փոսեր ես փորում դու անպատկառ,
Ծավալվում դաժան քո գործերում:


Սակայն, անվա՛խդ, տարերքից ետ
Անվերջ քո կուրծքն ես էլի ծեծում,

Թե որտեղ գտնես նոր-նոր վզեր,

Որ ստրուկ դարձնես քո կուռ լծում:

Հավատու՛մ եմ, խիզա՛խ, դեռ կտնկես
Երկրով մեկ բազում առագաստներ

Եվ քո իսկ ձեռքով կհասցնես
Կապույտ մոլորակդ մինչև աստղեր:

Եվ բնակյալները տիեզերքի,
Որոնց ուղինեըը կհատես բարդ,
Սրբազան ողջույն կտան կրկին.
Փառաբանյա՜լ լինես, ով Մարդ:

Երկրայինի արդարացում

Հրեշտակ

Երկրային կրակները քո աշխարհի
Բարձր աշխարհների ստվերն են սոսկ …

Պոետ

Սակայն սիրում եմ ես իմ ինքնաբավ հոգին

Եվ աչքերիս ցոլանքը հրաշող…

Հրեշտակ
Թե երջանիկ, թե չար բախտից անդին
Կա լավագույն կյանքի երկնակար…


Պոետ

Սակայն ուզում եմ ես, որ խավարը կրքի
Իր պտույտով տիրի ինձ անդադար…

Հրեշտակ

Անցողիկ աշխարհդ երբ դու լքես մոլոր,
Կայրվես քո անհագ պարարտությամբ…


Պոետ

Սիրուս մեջ եմ տեսնում գաղտնիքները բոլոր,

Որ շողում են համակ գեղեցկությամբ:



Աստղը

Դեռ մատաղ հասակում երկնքում լուսաշող
Ճանաչել եմ ես իմ ուղեցույց լուսատուն
Եվ գոհ եմ ինձ բաժին հասած այս վիճակով,

Ուղեցույց աստղիս եմ մշտապես հետևում:

Տարեցտարի խավար այս աշխարհում անել
Ուղիներով ոլոր ենթարկվում եմ բախտիս
Եվ տեսել եմ նաև այրող ժանիք հրե`

Դեգերումով հասած դարպասին դրախտի:


Կուրացել եմ նաև շլացուցիչ փայլից`
Հայտնվելով շվայտ Սոդոմի դահլիճում,
Հաղորդակից դարձել երկրում անհուսալից
Ֆրանչեսկոյի կյանքի պատմությանը տրտում:

Էլ ինչու՞ եմ կրկին ես իմ թելը փռում
Լաբիրինթում, որ ողջ աշխարհն է ընդգրկել.

Ումի՞ց եմ թաքցնում բուրող նարդոս ու խունկ
Եվ փայլփլուն ոսկիս` արքայական պարգև:


Էլ ինձ նշան չի տա լուսատուն մշտավառ,
Ետևում են արդեն թե՛ Դժոխք, թե՛ Եդեմ…
Օրըստօրե հլու, առավել խաղաղված`
Ես ճամփա եմ բռնում դեպ անհայտ Բեթղեհեմ:

Бесплатный конструктор сайтов - uCoz