* * *

«Ունայնությունն ունայնությանց», ամեն ինչ սին և ունայն է.

Ամենուրեք սա կլսես՝ ճիշտը այս է, ճիշտը այն է:

Խրատ տվող՝ որքան ուզես, հազվադեպ է խրատվողը,

Ներս նայելուց նեղ է ճամփան, դուրս նայելուց ճամփան լայն է:

 

 

* * *

Հարցնեմ...

Դեմքս Լույսին դարձնեմ.

Թե Լույսի տեղ խավար է՝

Էլ ի՞նչ կա, որ կորցնեմ:

 

* * *

Մերկ էի՝

Անհող ու անհերկ էի.

Պե՞տք էր արդյոք ինքս ինձ

Հավերժ Սիրուց զրկեի...

 

* * *

Ու՞ր եկա...

Այս աշխարհը զուր եկա.

Վերին լույսերը թողած,

Խավարի կողմ շուռ եկա:

 

* * *

Ծնվեցի,

Մորս կաթով սնվեցի.

Բարի եղար, Տե՜ր Աստված,

Մի նոր գավաթ հիմնեցիր...

 

* * *

Քայլեցի,

Ուսում առա, փայլեցի.

Ինչ դեմ տվին՝ դեմ չեղա,

Ճիշտն ու սուտը խառնեցի:

 

* * *

Չափ տվի,

Ով  երգեց,  ես ծափ տվի.

Իսկ ինձ լսող քիչ եղավ՝

Երգս սրտիս պահ տվի:

 

* * *

Կին տեսա,

Ինքն եղավ հարս, ես՝ փեսա.

Երկունք եղավ՝ ծնվեցին

Մեծ ու փոքր երկու սար:

 

* * *

Տուն դրի՝

Մի նոր կյանքի հուն դրի.

Ով ներս մտավ, լույս ուզեց,

Արև, անմար հուր տվի:

 

* * *

Բոստանում

Իրար  լավ ենք հասկանում.

Մերթ՝ խռովում իրարից,

Մերթ՝ առատ բերք  խոստանում:

 

* * *

Նույնն է միշտ՝

Նույն հարափոխ գույնն է միշտ.

Աշունն եկավ՝ թոշնում ենք,

Հոգում կարոտ, ցավ ու վիշտ...

 

* * *

Ճամփին եմ՝

Մտքիս ձիու թամբին եմ.

Ու՞ր է տանում ինձ այս ձին.

Մի՞թե քամու կամքին եմ...

 

* * *

Անտուն եմ,

Գիշեր-ցերեկ արթուն եմ.

Հենց որ Տնից կանչը գա՝

Անվերադարձ թռչուն եմ:

 

* * *

Գործ անեմ,

Բարի գործի փորձ անեմ.

Թե շահ ունեմ ինչ-որ տեղ,

Ուրիշին տամ, պրծընեմ:

 

* * *

Մարդ մնամ՝

Այդ անվամբ հպարտ մնամ.

Լացս փոխեմ ժպիտի՝

Չարի դեմ անպարտ մնամ:

 

* * *

Վառ մնամ՝

Աստղի պես պայծառ մնամ.

Թե հողից եմ ծիլ առել՝

Մշտադալար ծառ մնամ:

 

* * *

Լույս տայի՝

Մարդկանց Սեր ու Հույս տայի.

Առանց Լույսի, Հավատի՝

Խավար ճամփից խույս տայի:

 

* * *

Շեփոր չեմ,

Դատարկ թմբուկ խփող չեմ.

Ձայնս խորքից է գալիս՝

Մեղմ է, ականջ ծակող չէ:

 

* * *

Զուր դառավ...

Խոսքս հոսող ջուր դառավ.

Չխմեցին, չիմացան՝

Աներևույթ հուր դառավ:

 

* * *

Խոկում եմ՝

Չարը բարուց ջոկում եմ.

Ինչ ինձ համար եմ դիզել՝

Էլ իմը չի. պոկում եմ:

 

* * *

Շտապեմ...

Ինչքան կեղտ կա՝ դուրս թափեմ.

Թե որ տակը բան մնաց՝

Դա՛ է իմ գանձը. չափեմ:

 

* * *

Եղել եմ՝

Վաղուց այստեղ պեղել եմ.

Ինչքան կրակ եմ գտել՝

Սրտիս մեջ անթեղել եմ:

 

* * *

Մենակ չեմ,

Թփից պոկված ելակ չեմ.

Չորս կողմս սեր ու ծիծաղ՝

Հողին կռթնած կհանգչեմ...

 

* * *

- Մա՛հ չկա,

Կյանքում վերջին պա՛հ չկա.

Վեր խոյացող քո ճամփին

Գագա՛թ չկա, գա՛հ չկա:

 

 

* * *

- Ես կգամ...

Ամեն սրտում միշտ Ես կամ.

Թե փնտրեք ու չգտնեք՝

Լույս կվառեմ, ձայն կտամ:

 

* * *

- Մտածիր՝

Սրտով միայն, մտացիր.

Անմիտ մտքերդ թողած՝

Խորունկ սրտիդ մոտեցիր:

 

* * *

- Ասված է՝

Մարդու սրտում Աստված է.

Չես հավատում՝ չես գտնի.

Չարը պարտաստ նստած է:

 

* * *

- Ման արի,

Ուշք դիր հազար բաների.

Միակ ճիշտը սիրտն է քո,

Թե չլսես՝ չի ների...

 

* * *

...Կեղծել ենք,

Ինչ լավ բան կա՝ պղծել ենք.

Ուրիշ ո՞վ է մեղավոր՝

Ճշմարիտը եղծել ենք:

 

* * *

Քուն մտանք՝

Երազների տուն մտանք.

Մի՞թե կյանքն այս երազ չէ՝

Ճշտի, ստի երկմտանք...

 

* * *

- Մայր ունես

Ու հարազատ Հայր ունես.

Երկուսին էլ տանջելով՝

Երազիդ մեջ այրվում ես:

 

* * *

...Հիսուսին

Նմանվենք մենք՝ խաչն ուսին.

Դեպի Հայրն է մեր ճամփան,

Քայլենք առաջ ուս-ուսի:

 

* * *

- Աղո՜թքը...

Դա՛է միակ քո մուտքը.

Սրտիդ հետ թե զրուցես՝

Կստանաս քո հավատքը:

 

* * *

- Արքա՜ ես՝

Աստծո ներսում ներկա ես.

Արքայությամբ քո ներսի՝

Միշտ կաս ու հարակա ես:

 

* * *

- Չես կորչի՝

Աստծո Սիրուց չես փախչի.

Սրտիդ մեջ թե արթնանաս՝

Քեզ նորից Տուն կկանչի:

 

* * *

- Բացվու՜մ է՝

Սիրտդ Լույսով լցվու՜մ է.

Բռնի՛ր Աջս, ահա՝ Ես.

Փորձիր թռչել. ստացվու՞մ է...

 

* * *

...Արթնանամ,

Լուսե թևերն իմ բանամ.

Հերի՜ք եղավ երկյուղեմ.

Հիմա Հոր Տուն սլանամ...

 

* * *

- Սե՜ր ես դու...

Անմար Սիրո տեր ես դու.

Ո՞ր աստղի մոտ քեզ տանեմ.

Աստղերին ընկեր ես դու:

Бесплатный конструктор сайтов - uCoz